Օգոստոսի 26-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը։
Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքին:
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առողջապահության, ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային համագործակցության և այլ ոլորտներում։
«Վիճակագրական տվյալները հստակ վկայում են մեր համագործակցության կայուն դինամիկայի մասին։ Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները աճում են կայուն և դինամիկ տեմպերով, սակայն միևնույն ժամանակ փաստում են, որ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել», - նշել է Գևորգ Պապոյանը։
Իր խոսքում նախարար Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է գործարար համաժողովների կազմակերպումը, և գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի գործունեությանը՝ խրախուսելով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացումը։
Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԻՀ առևտրի և արդյունաբերության պալատի միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագիր։
Նիստի շրջանակներում կայացել է նաև Հայաստան-Իրաք գործարար համաժողով, որին մասնակցել են 60-ից ավել գործարարներ։