ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին այցելել է Կոտայքի և Արմավիրի մարզերում պետական աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիներ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նախարարի առաջին կանգառը Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիներն էին՝ ընդհանուր 70 հա տարածքով, որոնք ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։ Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև ինտենսիվ այգեգործության ծրագրով կառուցված ջրամբարը, որն ապահովում է այգիների ոռոգումը։ «Էմ Էռ ինվեստ» ընկերությունն օգտվել է նաև ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։
Այնուհետև, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ, Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում գործող «Սուպեր գարդեն» ՍՊԸ-ի դեղձի, ծիրանի և սալորի այգիներ (193․1 հա)։ Այստեղ ևս ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում կառուցվել է ջրավազան։ Այցի հաջորդ կանգառը եղել է նույն համայնքում գործող «Օստ այգի» ՍՊԸ-ի կեռասի այգիներում (28․2 հա)։
Այցը եզրափակվել է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում, որտեղ նախարարն այցելել է «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի նուշի այգիներ (310 հա)։ Ընկերությունը նաև ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերել անհրաժեշտ տեխնիկա։ Այցի ընթացքում քննարկվել են պետական աջակցության ծրագրերն ու դրանց շրջանակում տրամադրվող օժանդակությանն առնչվող հարցեր։