ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, Արմեն Խաչատրյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Արթուր Հովհաննիսյանի հետ այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։
Նախարարն այցելել է Գորիս, որտեղ ներկայացվել են «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակում զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ծրագրի նպատակն է խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով մարզերի տնտեսական ակտիվությունը։ Գորիսի զբոսաշրջային կլաստերը նախատեսված յոթ կլաստերից մեկն է, որոնց ստեղծման համար ընդհանուր առմամբ կուղղվի 120 մլն 500 հազար եվրոյի ներդրում։
Այնուհետև նախարարը և պատգամավորները շրջել են Գորիս համայնքում՝ ծանոթանալով նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի արդյունքներին։ Ծրագրով անհատական բնակելի տներ կառուցելու համար տրամադրվում է շուրջ 16 մլն դրամի աջակցություն, ինչի շնորհիվ վերջին երկու տարում կառուցվել են հարյուրավոր նոր տներ։ Միայն Գորիս համայնքի Քարահունջ գյուղում ծրագրի շրջանակում արդեն կառուցվել է 51 տուն։
Այցի ընթացքում նախարարն ու պատգամավորները հանդիպել են բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին և քննարկել նրանց հուզող խնդիրները։