ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը: Խորհրդարանում մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի՝ 2025 թվականի աշխատանքները:
«Ձևավորել է համագործակցության մի նոր հարթակ երիտասարդության համար, որտեղ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետները, ԱԺ քարտուղարության աշխատակիցները, միջազգային գործընկերների աջակցությամբ, մասնակիցներին ներկայացնում են օրենսդիրի գործունեությունը, օրենսդրական մեխանիզմներն ու գործիքակազմը»,- ողջունելով երիտասարդ խորհրդարանականներին՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ընդգծելով իրականացվող ծրագրերի կարեւորությունը, երիտասարդներին առաջարկել է պատասխանատվությամբ, պարտաճանաչությամբ օգտվել ընձեռված հնարավորությունից և օրինաստեղծ գործունեության մասնակից դառնալ: Նա հաջողություն է մաղթել երիտասարդներին:
«Դուք ունեք բացառիկ հնարավորություն երիտասարդների ձայնը լսելի դարձնել Ազգային ժողովում, լիարժեք օգտագործեք այդ հնարավորությունը»,- դիմելով երիտասարդներին՝ նշել է ՄԱԶԾ խորհրդարանական ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը:
2025 թվականի Երիտասարդական խորհրդարանի 34 անդամներին ողջունել են նաև նախորդ տարվա Երիտասարդական խորհդարանի նախագահն ու փոխնախագահները: Նշվել է, որ այս հարթակը մեծ հնարավորություններ է ընձեռում մասնակցելու երկրի զարգացմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաև ձեռք բերելու փորձառություն, զարգացնելու հաղորդակցման, հանրային ելույթի, բանակցությունների հմտությունները: Նրանք երիտասարդներին խորհուրդ են տվել չհանձնվել, հավատալ սեփական ուժերին, հավատարիմ մնալ սեփական արժեքներին և սկզբունքներին՝ խոստանալով աջակցել օրինաստեղծ գործունեությանն ու իրականացնել նախանշված ծրագրերը:
«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի շրջանակում ձևավորվել են 3՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, Աշխատանքի և սոցիալական ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովների աշխատանքներին երիտասարդներն ինքնաառաջադրվել են ըստ նախասիրությունների: Հանձնաժողովներում երիտասարդները ծանոթացել են աշխատանքներին, պրոֆիլային գործունեությանը, ինչպես նաև ընտրվել են համապատասխան հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ:
ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի և Կանադայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: