Օգոստոսի 25-ին դեսպանահավաքի աշխատանքները շարունակվել են տարբեր ուղղություններով ԱԳ փոխնախարարների հետ քննարկումներով։
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել համակարգման ուղղություններով՝ ամերիկյան երկրներ, Եվրոպա, սահմանակից երկրներ, Մերձավոր Արևելք, գործընկերությունների զարգացման հարցում զարգացումներին, առկա ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ հետ երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության, ԵՄ անդամ ու եվրոպական մյուս երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ առկա նախաձեռնություններին, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին առնչվող հարցերի։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի և Վրաստանի հետ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի։
Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցության զարգացման համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման, տնտեսական բաղադրիչի ամրապնդման ու ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։