Հասարակություն

Հիվանդանոցի բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնատար անձինք կեղծված հիվանդության պատմագրերը վճարման են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 11 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ գումար։ 

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հզր ՀՀ դրամը։