Հասարակություն

Վիեննայի թանգարանը պահպանում է զովությունը գույներով

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

Թանգարանը, որտեղ տեղակայված է հայտնի ավստրիացի բարերար Հայդի Հորտենի հավաքածուն, մեկնարկել է հետաքրքիր նախագիծ։ Holla Hoop կոլեկտիվի նկարիչները բնապահպանների հետ միասին շիկացած բակը վերածել են արվեստի գործի՝ ցույց տալով, թե ինչպես է ստեղծագործությունը օգնում հարմարվել կլիմայի փոփոխությանը։

Վիեննայի կենտրոնում գտնվող բակի ասֆալտն այժմ փայլում է բազմաթիվ վառ գույներով։ Այս պարզ, բայց արդյունավետ լուծման շնորհիվ մակերեսի ջերմաստիճանը 31°C-ից նվազել է մինչև 20°C՝ գրեթե մեկ երրորդով։

«Վառ գույները անդրադարձնում են արևի ճառագայթները և միևնույն ժամանակ խորհրդանշում այն անհոգությունը, որով հասարակությունը վերաբերվում է կլիմայական ռիսկերին», — բացատրում է նկարիչ Յոնաս Գրիզլերը։

Բայց այս նախագիծը միայն գեղագիտության մասին չէ․

Յուրաքանչյուր գունավոր մակերես ներկայացնում է որոշակի տարի, իսկ դրա վրա գտնվող փոքր կետերը՝ CO₂ արտանետումների միլիարդավոր տոննաներ։ 1960-ականներից մինչև 2000-ականներին կետերի քանակը արագորեն աճում է՝ ցույց տալով, թե ինչպես է մարդկությունը մեծացրել մթնոլորտի բեռը։

Վիեննայի բժշկական համալսարանի մասնագետների կարծիքով՝ սառեցված ասֆալտը նվազեցնում է հարևան շենքերում օդորակման անհրաժեշտությունը։ Իսկ դա նշանակում է՝ էներգիայի խնայողություն և արտանետումների կրճատում։

«Նման նախագծերը քաղաքային շոգին հարմարվելու խճանկարի մի մասն են», — ընդգծում է շրջակա միջավայրի առողջության փորձագետ Հանս-Պետեր Հուտերը։ «Կարևոր է կլիմայի մասին խոսել այնպես, որ մարդիկ չկորցնեն հույսը և փոփոխություններում տեսնեն ոչ միայն սպառնալիքներ, այլև ստեղծագործական հնարավորություններ»։