ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր հրաժեշտի խոսքում, անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, դեսպան Մակունցը հայտնել է իր խորը երախտագիտությունը։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։ Մակունցը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի։
Դեսպանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և իր բոլոր գործընկերներին՝ շարունակական աջակցության համար, վերահաստատել հայ-ամերիկյան կապերի ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, կարևորել հայ համայնքի ներդրումը տասնամյակների ընթացքում։
Դեսպանը նաև իր խորին շնորհակալությունն է հայտնել դեսպանության անձնակազմին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար, ինչպես նաև իր ընտանիքին՝ իր ծառայության ողջ ընթացքում ցուցաբերած անսասան աջակցության համար։
Երեկոն ամփոփվել է խորհրդանշական պահով. դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել է «Գերազանցության մեդալով»՝ ի նշան իր չորս տարվա անբասիր ծառայության և Հայաստանի Հանրապետության և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման։