Ս․թ․ առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 1․170․727 զբոսաշրջիկ, ինչը 13․038-ով պակաս է 2024թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից:
«Այդպիսի պաշտոնական կարծիք չկա, սակայն կարող է նվազած լինել գների պատճառով։ Կարելի Հայաստանը տարածաշրջանում մրցունակ երկիր չի համարվում գների բարձրության պատճառով, ինչպես նաև թիրախային շուկաներում պասիվացել են մարկետինգային քայլերը»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի նախագահ Սեդա Աղբալյանը և հավելեց՝ Հայաստանում կյանքի արժեքը համարվում է բարձր՝ համեմատած հարևան Վրաստանի հետ։
Զբոսաշրջիկները գալիս են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, իսկ եվրոպական և ասիական երկրներից հոսքը քիչ է։ Ս.Աղբալյանը ընգծեց՝ հիմնական պատճառն ուղիղ չվերթներն են. «Ուղիղ չվերթներ ասիական և եվրոպական երկրների հետ չկան, միայն չարտերային են։ Բայց եթե կանոնավոր թռիչքներ լինեն, հոսքը կմեծանա։ Սակայն կանոնավոր թռիչքներն էլ լինում են այն ժամանակ, երբ պահանջարկ է առաջանում»։ Ըստ նրա՝ կանոնավոր չվերթների առկայությունը կարող է զգալիորեն մեծացնել հոսքը, հատկապես, եթե այն զուգորդվի ակտիվ մարկետինգային աշխատանքներով։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հաճախ բախվում են մի շարք խնդիրների։ Նրանց համար ինքնակազմակերպվելը դժվար է դառնում՝ սկսած օդանավակայնից մինչև առցանց ամրագրումներ։ Բացի այդ, աշխարհում արագ զարգացող կանաչ տուրիզմի պահանջարկին Հայաստանը չի բավարարում. «Մարդիկ ճանապարհորդում են «կանաչ տուրիզմ» հասկացության շրջանակներում։ Էկո տուրիզմը կարևոր գաղափար է։ Մեզ մոտ սերտիֆիկացում չկա, հյուրանոցների, ռեստորանների մեծ մասը չունեն։ Ընդամենը 1-2 հյուրանոց է ստացել դրանք»,-ասաց նա և ընդգծեց՝ սա լուրջ խնդիր է, և տուրիզմը կայուն չի զարգանում։
Լիլիթ Աբրահամյան