Հասարակություն

ՀԷՑ-ում հուլիսին պարգևավճարներ չեն տրվել․ խնայվել է 20 մլն դրամ. Պետրոսյան

ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել, ինչի արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում ունենք շուրջ 20 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այդ միջոցները ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով, որպես հավելյալ պարգևավճար, համաչափորեն կբաշխվեն ՀԷՑ-ի շուրջ 1000 աշխատակիցների միջև, ում հուլիս ամսվա աշխատանքի վարձատրության գումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում՝ վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար կավելանա լրացուցիչ 10-15% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ. ընդհանուր՝ 947 անձ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։ Բարի հանգստյան օրեր բոլորիս»,- գրել է նա։