Հասարակություն

Կկառուցվի շոկոլադի և հրուշակեղենի արտադրության նոր գործարան

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Վելլար գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է ներմուծվող սարքավորումներով կառուցել նոր գործարան շոկոլադի և հրուշակեղենի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 8 մլրդ դրամի ներդրում, որից 100 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման համար, 6 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման, 1 մլրդ դրամը ենթակառուցվածքների կառուցման և 900 մլն դրամը այլ ծառայությունների համար։ Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 598 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 900-ի՝ 353 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 553 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51 մլն դրամ։

«Ռոսե գարդեն» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2.1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 57 մլն դրամ: