Հասարակություն

Բագրատ արքեպիսկոպոսի և մյուսների գործով պաշտպանները բոյկոտել են նիստը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» գործով անցնող նրա կողմնակիցների պաշտպանները չեն մասնակցել այսօրվա դատական նիստին՝ բոյկոտելով այն։ 

Այսօր պետք է քննարկվեր ամբաստանյալների խափանման միջոցի հարցը, ինչը տեղի չի ունեցել. նրանք պնդել են, որ դեմ են առանց պաշտպանների հարցի քննարկմանը։ Դատական նիստն ընդմիջվել է, որից հետո ներկաներն աղոթք են բարձրացրել դատարանի դահլիճում։

Պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը հայտարարել  է, թե Գալստանյանի և նրա 17 կողմնակիցների գործով բոլոր փաստաբանները միակամ որոշում են կայացրել այսօր ներկա չգտնվել դատական նիստին` սրանով արտահայտելով իրենց բողոքը դատական համակարգի և այս դատավորի դեմ։ Ըստ նրա, դատական նիստերի դահլիճում արդարադատություն չի իրականացվում. «Դրա նախադեպը երեկ տեսել ենք Լիդյա Մանթաշյանի գործով»։ Ըստ պաշտպանի. «Սա մեր բողոքի գործողության առաջին քայլն է, բայց խոստանում եմ՝ վերջինը չէ»։

Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոսն ու մյուսները մեղադրվում են ահաբեկչություն և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու մեջ։