Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատաքննությունը։
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։
Իր ելույթում Աջապահյանը հիշեցրել է, որ 1937-ին Շիրակի թեմի առաջնորդ Արտակ արքեպիսկոպոս Սմբատյանը գնդակահարվել է. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցին, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա»:
Նա նշել է, որ չի վախենում դատավարությունից. «Ես, ի վերջո, արդարացվելու եմ։ Այսօր չլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, թե 50 տարի հետո, արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր։ Եւ ձեր սերունդների առաջ ամաչելու եք»,- ասել է Աջապահյանը։
Նա նշել է, որ, որպես հոգևորական, ցավում է այդ սխալների համար. «Թարգեք այս սխալները։ Չեք կարող, կհատուցեք»։