Հասարակություն

Կոնյակի և գինու արտադրության անկումը վտանգում է գյուղատնտեսական եկամուտները. փորձագետ

2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի և գինու արտադրությունը կտրուկ նվազել է՝ համապատասխանաբար 31.8% և 36.3%-ով. «Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ անկումը սկսվել է դեռ տարեսկզբից․ միայն հունվար-փետրվարին կոնյակի արտադրությունը նվազել է 45.3%, գինու արտադրությունը՝ 33.3%։ Առաջին եռամսյակում էլ կոնյակի արտադրությունը կազմել է ընդամենը 3.25 մլն լիտր (100% սպիրտի համարժեք), ինչը մոտ 40% անկում է նախորդ տարվա համեմատ»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց բիզնեսի կառավարման փորձագետ Մարինա Սադոյանը։

Նա ընդգծեց՝ այդ անկումը շղթայական ազդեցություն է ունենում՝ խաղողագործների համար մթերման ծավալների կրճատում, գների անկում, գյուղվարկերի չվճարման ռիսկերի բարձրացում, գինեգործարանների թերբեռնված հզորություններ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացում. «Արտահանողները ունենում են արտարժութային եկամուտների նվազում, միջազգային շուկայում մրցունակ դիրքի թուլացում։ Բացի դրանից, ռուսական շուկայում հայտնաբերվել է, որ հայկական կոնյակի 80-85%-ը կեղծված է կամ չի համապատասխանում ստանդարտներին, որը մեծ հարված է ապրանքանիշի հեղինակությանը»,-ասաց նա և հավելեց՝ այս ամենը վտանգում է ոչ միայն գյուղատնտեսական եկամուտները, այլև բանկային համակարգի կայունությունը և Հայաստանի արտահանման հավասարակշռությունը։

Խնդրի լուծման վերաբերյալ Մ. Սադոյանը առաջարկում է  խաղողագործների կորուստները մեղմող պետական սուբսիդիաներ կամ երաշխիքային մթերումներ, գյուղվարկերի վերակառուցում կամ տոկոսադրույքի սուբսիդավորում և արտահանման շուկաների արագ դիվերսիֆիկացում. «Կարևոր է արժեշղթայի դիվերսիֆիկացիան, որպեսզի խաղողից ոչ միայն գինի ու կոնյակ, այլև՝ հյութեր, չամիչ և օրգանական արտադրանք ստեղծվի, պետք են պետական և մասնավոր ներդրումներ պահեստավորման և վերամշակման ենթակառուցվածքներում, ինչպես նաև վերահսկողության խստացում։ Իզոտոպային լաբորատորիայի ստեղծումը կբարձրացնի որակի վերահսկողությունը և կպայքարի կեղծիքի դեմ, որը նախատեսվում է 2025-ի սեպտեմբերից»։

Ըստ նրա՝ առաջնային ուղղություն է խաղողագործների համար ֆինանսական կայունություն ապահովելը, կարևոր է նաև միջազգային շուկաների պաշտպանությունը և ապրանքանիշի հեղինակության պահպանումը, քանի որ հայկական կոնյակի հեղինակությունը կորցնելը վերականգնումը կդարձնի շատ ավելի թանկ և երկարատև. «Այստեղ առանցքային են որակի վերահսկողությունն ու նոր շուկաների նվաճումը։ Միևնույն ժամանակ կարևոր է հիշել նաև ավելի լայն մակրոտնտեսական տեսանկյունը՝ Հայաստանի տնտեսության համար լուրջ վտանգ է կախվածությունը սահմանափակ արտահանվող ապրանքներից, ճիշտ մոտեցումը կլինի արդյունաբերության դիվերսիֆիկացումը»,- ասաց՝ ընդգծելով, որ գինեգործության և հարակից ոլորտների զարգացումը թույլ կտա նվազեցնել ցնցումների ազդեցությունը և ապահովել մրցունակություն։

Լիլիթ Աբրահամյան