Yandex Go հավելվածն այժմ դարձել է ավելի հարմար՝ քաղաքում տեղաշարժվելու համար։ Այժմ «Տրանսպորտ» ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրական ժամանակում հետևել Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի շարժին։ Դա կօգնի ավելի արդյունավետ պլանավորել երթուղիներն ու հաշվարկել տրանսպորտի սպասման ժամանակը։
Այս ֆունկցիայի շնորհիվ հնարավոր է տեսնել, թե տվյալ պահին որտեղ է գտնվում անհրաժեշտ ավտոբուսը կամ տրոլեյբուսը՝ խուսափելով երկար սպասումից։ Սեղմելով կանգառի նշանի վրա՝ կարելի է տեսնել նշված կանգառով անցնող բոլոր երթուղիների համարները և դրանց մոտավոր ժամանման ժամանակը։ Հետևելու համար հասանելի է 81 երթուղի՝ 64 ավտոբուսային գիծ, 12 միկրոավտոբուսային և 5 տրոլեյբուսային։
Ֆունկցիան հասանելի է նաև Yandex Map հավելվածի «Տրանսպորտ» բաժնում։ Անհրաժեշտ երթուղին գտնելու համար պետք է որոնման դաշտում մուտքագրել դրա համարը, օրինակ՝ «տրոլեյբուս 2»։ Էկրանին կցուցադրվի երթուղին, ինչպես նաև կանգառների և ժամանակացույցի քարտը։
Ինչպե՞ս է այն աշխատում
Երևանի ավտոբուսները, տրոլեյբուսներն ու միկրոավտոբուսները հագեցած են հատուկ GPS-սարքերով, որոնք պարբերաբար փոխանցում են դրանց գտնվելու վայրի և արագության մասին տվյալները։ Քաղաքից ստացված տվյալների հիման վրա ծառայությունը հաշվարկում է տրանսպորտի մոտավոր ժամանման ժամանակը յուրաքանչյուր կանգառ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, օրինակ՝ ընթացիկ ճանապարհային իրավիճակը, երթուղիների շարժի տվյալները և նույնիսկ ճանապարհների վերանորոգման աշխատանքները։ Ստացված տվյալները իրական ժամանակում ցուցադրվում են Yandex Go և Yandex Maps հավելվածներում։
«Հանրային տրանսպորտին իրական ժամանակում հետևելու հնարավորությունը ոչ միայն կխնայի երևանցիների ժամանակը, այլև կթեթևացնի քաղաքի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այսպիսի լուծումները խելացի քաղաքի կառուցման բանալին են, որտեղ և՛ բնակիչները, և՛ զբոսաշրջիկները կարող են զգալ հարմարավետ և վստահ։ Մենք ուրախ ենք, որ Yandex Armenia-ն դարձավ առաջին տեխնոլոգիական գործընկերը, որը աջակցեց Երևանի քաղաքապետարան հասարակական տրանսպորտի ընթացիկ տեղադիրը քաղաքացիներին հասանելի դարձնելու նախաձեռնությանը»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Մեր նպատակը Yandex Go հավելվածով հնարավորինս շատ առօրյա խնդիրների լուծումն է։ Երևանի բնակիչները ակտիվորեն օգտվում են հանրային տրանսպորտից։ Այժմ, երբ հավելվածում հնարավոր է հետևել քաղաքի բոլոր վերգետնյա երթուղիների շարժին, օգտատերերը կարող են ավելի լավ պլանավորել ուղևորությունները և ընտրել տվյալ պահին ամենահարմար տրանսպորտը», - նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
Yandex Armenia-ն ներկայացված է ուղևորությունների, առաքման և սննդի առցանց պատվերների ծառայություններով, աշխարհագրական ծառայություններով, ժամանցային հարթակներով, ինչպես նաև կրթական նախագծերով։ Ընկերությունը մշակում և ներդնում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնք նպատակ ունեն բարելավել օգտատերերի կյանքը և զարգացնել երկրի թվային միջավայրը։