Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում է զենք-զինամթերքի առքուվաճառքով:
Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունն ստուգելիս պարզել են անձանց ինքնությունը, ճշտել նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և ապօրինի առքուվաճառքով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ քրեական ոստիկանների ստացած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Ըստ տվյալների` զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքով զբաղվում էին` Փափազյան փողոցի բնակիչ` 64 տարեկան, Գրիբոյեդովի փողոցի բնակիչ` 53 տարեկան, Քանաքեռի բնակիչ` 42 տարեկան և Իսահակյան փողոցի բնակիչ` 78 տարեկան տղամարդիկ:
Օգոստոսի 8-ին տեղեկությունը փոխանցվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում կատարված հետագա գործողությունների արդյունքում օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություններ էին իրականացրել վերը նշված անձանց բնակության հասցեներում և հարակից տարածքներում:
Միաժամանակյա խուզարկությունների արդյունքում` 64-ամյա տղամարդու Փափազյան փողոցի տանը հայտնաբերվել են 219 հազար դոլար, երեք հազար երեք հարյուր եվրո, կանեփի հինգ թուփ, մարտական ատրճանակ ու փամփուշտ: 53-ամյա տղամարդու Գրիբոյեդովի փողոցի բնակարանում հայտնաբերվել են որսորդական հրացան, մեկ արծաթյա ակոսափող հրազեն, 19 փամփուշտ և մարիխուանայի նմանվող զանգված:
42-ամյա քանաքեռցու տանը հայտնաբերվել են երկփողանի որսորդական հրացան, տարատեսակ փամփուշտներ, որսորդական դանակ, այլ զինամթերք: 78-ամյա տղամարդու Իսահակյան փողոցի բնակարանում հայտնաբերվել են մարտական տարատեսակ 23 ատրճանակ, չորս հրացան, մարտական փամփուշտներ, նաև` մարտական ատրճանակների համար նախատեսված բաղկացուցիչ և հիմնական մասերով մի քանի արկղ: Չորսն էլ ձերբակալվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: