«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Օգոստոսի 13-ին Ֆրանսիական Գվիանայի Կուրու քաղաքի տիեզերակայանից Ariane-62 հրթիռով տիեզերք բարձրացավ Metop երկրորդ սերնդի A1 (Metop-SGA1) արբանյակը։ Սա Եվրոպայի բևեռային ուղեծրով շարժվող եղանակային արբանյակների հաջորդ սերնդի առաջինն է և միաժամանակ կրում է նաև մթնոլորտի մոնիթորինգի Copernicus Sentinel-5 առաքելությունը։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տեղեկացմամբ՝ նոր արբանյակի հաջող մեկնարկը թույլ կտա իրականացնել եղանակի, կլիմայի և մթնոլորտի կազմի գլոբալ մոնիթորինգ, ապահովել ավելի ճշգրիտ կանխատեսումներ և ավելի վաղ նախազգուշացումներ՝ կյանքերն ու գույքը պաշտպանելու համար։
Տիեզերանավը համալրված է մի շարք նորագույն և առաջադեմ գործիքներով, որոնք նախատեսված են.
• եղանակի կանխատեսման համար
• փոթորիկների վաղ կանխատեսման համար
• կլիմայի մոնիթորինգի համար
• ինչպես նաև այլ ծառայությունների ու հավելվածների լայն շրջանակի համար անհրաժեշտ տվյալներ ստանալու համար։
Metop-SGA1-ը ներկայումս գտնվում է բևեռային ուղեծրում՝ Երկրից մոտ 800 կմ բարձրության վրա, և շուտով իր վեց լրացուցիչ գործիքներով կսկսի փոխանցել ժամանակին, բարձր լուծաչափով և որակով դիտարկումների տվյալներ։
Այս տվյալները կշարունակեն Metop շարքի կարևոր դերը՝ Եվրոպայում եղանակի դիտարկումների հիմնական աղբյուրի կարգավիճակում՝ ապահովելով 12 ժամից մինչև 10 օր վաղօրոքությամբ կանխատեսումներ։
Metop-SG արբանյակները ոչ միայն ապահովում են ավելի մանրամասն դիտարկումներ թվային կանխատեսման մոդելների համար, այլև կարևոր են գերկարճաժամկետ կանխատեսումների (մինչև 6 ժամ) համար՝ հատկապես հյուսիսային լայնություններում, որտեղ գեոստացիոնար արբանյակային տվյալները սակավ են։