Հասարակություն

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Բերկառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Մայր Աթոռից։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես նշեց. «Վերափոխումը միայն հիշատակում չէ անցյալում տեղի ունեցած մի իրադարձության։
Այն կենդանի և իրական ներկայություն է մեր հոգևոր կյանքում, որովհետև մեզ հրավիրում է կանգնելու հավիտենական կյանքի և մահվան, անցողիկի և անանցի, երկրայինի և երկնայինի սահմանին, ու այնտե՛ղ, լռության մեջ տեսնելու այն մեծ խորհուրդը, որ «մահու քնից» Աստվածածին Մարիամն անցավ դեպի Հայրական տուն, Որդու փառքի մեջ»։
Մուշեղ Սրբազանն ընդգծեց, որ Աստվածաշունչն ու սրբազան ավանդությունը միասին հյուսում են այս տոնի հիմքը, որը ձևավորվել է Եկեղեցու աղոթքների մեջ, սրբերի տեսիլքներում, հավատացյալների սրտերում ապրող հոգևոր զգացումների մեջ, որոնք մեզ ոչ միայն տեղեկություն են տալիս, այլև ներգրավում են մի կենդանի խորհրդի մեջ։

«Տոնի խորքում պատգամ կա ուղղված մեզանից յուրաքանչյուրին. մահը, որքան էլ դառն ու ցավալի է, Քրիստոսով այլևս մեր կյանքի վերջին հանգրվանը չէ, այլ անցում դեպի հավիտենականություն: Աստվածամոր վերափոխմամբ մենք տեսնում ենք մահվան հաղթանակի կատարյալ օրինակը մարդկային պատմության մեջ։ Տիրամայրը անցավ մահվան քնի միջով, բայց նրա մարմինը չմնաց երկրում, այլ անմիջապես ընդունվեց փառքի օթևաններում։ Վերափոխումը մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը մահվան նկատմամբ չունի հուսահատության գլխիկոր կեցվածք։ Հակառակը՝ այն խոսում է փոխակերպման մասին։ Մարիամը ոչ թե «մահացավ», այլ «ննջեց», քանի որ քունը ժամանակավոր վիճակ է, որից հետո կա արթնացում։ Սուրբ Մարիամի վերափոխումն այն հաստատումն է, որ Քրիստոսով ապրող մարդը մահվան մեջ ննջում է, իսկ նրա հոգին արթնանում է Աստծու գրկում։

Սիրելինե՛ր, մեզ համար կա այլ պատգամ ևս։ Վերափոխումը պարզապես մահից հետո տեղի ունեցող մի հրաշք չէ։ Այն սկսվում է այստեղ՝ մեր երկրային կյանքի ընթացքում, և որքան մենք թույլ ենք տալիս, որ Աստծո առատաբուխ շնորհները մեզ մաքրեն, փոխակերպեն և սրբեն մեր սրտերն ու մտքերը, այնքան մենք արդեն ապրում և հաստատում ենք մեր անձնական «վերափոխումը»»,- ասաց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Աստվածածինը մշտապես եղել և մնում է Եկեղեցու մայրը, հավատացյալների բարեխոսը և յուրաքանչյուրի հոգևոր ուղեկիցը։
«Աստվածամայրը մեզ համար մնում է սրբության կատարյալ օրինակ և իր կյանքով սրբության հասնելու իրատեսական ուղին է ցույց տալիս։ ․․․Նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է Աստծո կամքը կատարել առանց տրտնջալու, նույնիսկ դժվարությունների և տառապանքի պահին և հասնել սրբության»,-նշեց պատարագիչ Սրբազանը։

Վերջում Սրբազան Հայրը հորդորեց հավատավոր հայորդիներին բացել իրնեց հոգիները, որպեսզի Աստվածամոր վերափոխման տոնը դառնա ամենքի համար մշտական հիշեցում, որ կյանքի վերջնանպատակը երկինքն է, և որ Աստծուն նվիրված կյանքը չի ավարտվում գերեզմանով, այլ սկսում է հավիտենականության մեջ՝ արժանացնելով Տիրոջ անանց փառքին։
Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցականաց թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին: