Հասարակություն

ՊՆ պաշտոնյայի գործը դատարանում է. վերականգնվել է 3,6 մլն դրամի վնասը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 6,6 հազ. լիտր ավտոբենզինի կտրոնները յուրացման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, դրանց վերաբերյալ տվյալները չի մուտքագրել զորամասի համապատասխան մատյանում, որից հետո, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է դրանք: 

Բացի այդ, ՊՆ պաշտոնատար անձը պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթում կեղծ տեղեկություններ է մտցրել զորամասի՝ 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին փաստացի ծախսագրված «ավտոբենզինի կտրոն» նյութական միջոցների և ավտոբենզինի վերաբերյալ և, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել զորամասին պատկանող ավելի քան 500 հազ. ՀՀ դրամ արժողությամբ 660 լիտր ավտոբենզինի կտրոններ ու 315 կգ ավտոբենզին:

Խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Մեղադրյալի կողմից պետությանը պատճառված 3,6 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: