Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային դիաբետի առաջացման համար։
Ի՞նչ անել ռիսկը նվազեցնելու համար
Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել շաքար պարունակող կոմպոտի, գազավորված քաղցր ըմպելիքների, մրգային հյութերի (նույնիսկ 100%), կաթնային քաղցր կոկտեյլների և այլ քաղցր ըմպելիքների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:
Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով: Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:
Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլինի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ։
Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:
Ամռանը նախընտրե՛ք ջուրը՝ քաղցր ըմպելիքների փոխարեն. այն կօգնի կանխել ջրազրկումը և պահպանել առողջությունը։