Հասարակություն

Նախարարը հետևել է լոլիկի մթերումների գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 11-ին այցելել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին։

Շրջայցի ընթացքում նախարարը հետևել է լոլիկի մթերումների գործընթացին։ Ընկերությունում մթերումը մեկնարկել է օգոստոսի 4-ից, և ներկա պահի դրությամբ արդեն իսկ մթերվել է 1574 տոննա լոլիկ։ Տոմատի մածուկի համար նախատեսված լոլիկը մթերվում է 40, իսկ պահածոների համար նախատեսված լոլիկը՝ 50-60 դրամով։ Ընկերությունից նախարարին հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Նշենք, որ այս տարի լոլիկի բերքը սպասվածից ավելի առատ է։

Արտաշատի պահածոների գործարանը սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի առաջատար ու խոշոր ընկերություններից է՝ տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով:

Ընկերությունը շուկայում ներկայացնում է Արտֆուդ, Ջանարատ և Լայք չեֆ ապրանքանիշերը՝ մարինադների, մուրաբաների, կոմպոտների, ջեմերի պահածոների և սոուսների տեսականիով, ինչպես նաև Ամառե, Նատուրա և Վիտամիքս ապրանքանիշերը՝ զանազան մրգային հյութերով:

Ներկա պահին ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ ակտիվ սեզոնով պայմանավորված։

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն իր արտադրությունում օգտագործում է ԵԱՏՄ տարածքում միակ իտալական Cavalieri հոսքագիծ։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 23 երկրներ։