Հասարակություն

Գողությունը կատարել էր նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին

Օգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն:

Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս:

Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կատարվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին:

Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ խոստովանեց, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 5.30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը:
Հայտնաբերվել է նաև գողոնը։ Դրանք գրավադրվել էին բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում:

Կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` տնից բացակայելիս կողպել տան մուտքի դուռը: Իսկ այս դեպքով հանգամանքները պարզվում են: