Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք և պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։