Օգոստոսի 8-ին նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվա շրջանակում շինարարական կազմակերպությունների շուրջ 25 ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների: Միջոցառմանը մասնակցել և մասնագիտական օրվա առթիվ պարգևատրումներն իրականացրել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, օրենսդիր, գործադիր իշխանության մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների համար, ինչպես նաև Շինարարի օրվա կապակցությամբ «Գոհարիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը և «Վի Քեյ Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Հրաչյա Սարգսի Քոթանջյանը արժանացել են ԿԳՄՍ նախարարության մեդալների։ «Նավասարդ շինարար» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արման Դավթյանը և «Արամե» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արամ Սարգսյանը պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով։ Պարգևները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին, ընդգծել է՝ օրը խորհրդանշում է մասնագիտական նվիրվածության և վարպետության ամենօրյա պատասխանատու աշխատանքով մեր պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու կարևորությունը: «Շինարարությունը մեր տնտեսական աճն ու զարգացումն ապահովող առանցքային ոլորտներից է։ Վերջին հինգ տարիների ընթացքում շինարարության ծավալներն աճել են տարեկան միջինը 13%-ով։ Դրա արդյունքներն ակներև են»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման՝ ՀՀ կառավարության ծրագրին՝ նշելով, որ այս ծրագրի շրջնակում հաջողություններ արձանագրած կազմակերպությունների համար նոր հնարավորություններ է բացվում՝ գործունեությունն ընդլայնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և ձեռքբերումներ արձանագրելու առումով։
Ողջունելով շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կապիտալ ծախսերի զգալի մասն ուղղվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում հանրային ենթակառուցվածքների բարելավմանը: Այս համատեքստում նախարարը շեշտել է թիմային մեծ աշխատանքը, որն ուղղված է երկրում կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը: «300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագիրը, ըստ էության, մեր երկրի շատ բնակավայրերում փոխում է կյանքի որակը, և դա առաջին հերթին մեր համատեղ աշխատանքի շնորհիվ է: Սա մեր երեխաներին հնարավորություն է ընձեռում սովորելու ժամանակակից անվտանգ պայմաններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել շինարարներին՝ կարևոր ենթակառուցվածքների կառուցման համար:
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ շինարարական աշխատանքների որակի և ստանդարտի գործում ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի պատասխանատու գերատեսչություն, ունի մեծագույն հանձնառություն. «Կադրերի պատրաստումը և ոլորտի՝ նոր ստանդարտներին համահունչ մասնագետներով համալրումը մնում են մեր կարևորագույն խնդիրներից: Այս առումով մեծ անելիք ունենք և վստահ եմ՝ առաջիկայում հաջողությամբ շարունակելու ենք մասնագիտական կրթության կատարելագործումը»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ քաղաքաշինական և շինարարական նոր ստանդարտ սահմանող ծրագիր է նաև ակադեմիական քաղաքը, որը շինարարության և քաղաքաշինության նոր որակ է բերելու։
«Վստահ եմ՝ ինչպես մյուս բոլոր ծրագրերում, այստեղ ևս մեր համատեղ աշխատանքն ապահովելու է լավագույն արդյունքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ շինարարության ծավալների աճի դինամիկան այս տարի ևս պահպանվել է։ Նրա խոսքով՝ 2025 թ. առաջին կիսամյակի տվյալներով շինարարության ծավալը կազմում է գրեթե 225 միլիարդ դրամ, ինչը 18.5%-ով գերազանցում է նախորդ տարվա վեց ամիսների ցուցանիշը։ «Սա բոլորիս ջանքերի արդյունքն է և վկայում է տնտեսության մեջ շինարարության առանցքային դերի, և ՀՀ կառավարության կողմից ոլորտը կարևորելու մասին»,- նշել է Եղիազար Վարդանյանն ու շեշտել՝ շինարարության ծավալների աճն արտացոլվում է նաև վճարված հարկերի տեսքով։
Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի շինարարների միության» և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությամբ: