Հասարակություն

Չվերադարձված գումարներ, չեղարկված ամրագրումներ. «New Nairi Hotel»-ը՝ քննության կենտրոնում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։

Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։

Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։

Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով info@competition.am էլ․փոստի հասցեով։