Հասարակություն

Դանակահարություն Հրազդանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:
Պարզվեց, որ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են` մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։

Խանութում միջանձնային վեճ է սկսվել։ Մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է: Վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել: Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչն դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4.20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել: Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։