«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․
«2025 թվականի հուլիսը երրորդ ամենատաք հուլիսն էր՝ միջին մակերևութային ջերմաստիճանը կազմել է 16.68°, որը 0.45°-ով բարձր է 1991–2020 թվականների հուլիսյան միջին ցուցանիշից։
2025 թվականի հուլիսը 0.27°-ով ավելի զով է եղել, քան 2023 թվականի ռեկորդային հուլիսինը, և 0.23°-ով ավելի զով, քան 2024 թվականի երկրորդ ամենատաք հուլիսը։
2025 թվականի հուլիսը 1.25°-ով բարձր է եղել 1850–1900 թվականների նախաարդյունաբերական ժամանակահատվածի միջին ցուցանիշից։
2025 թվականի հուլիսին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 21.12°, որը 1.30°-ով բարձր է եղել 1991–2020 թվականների հուլիսի միջին ցուցանիշից, ինչն այն դարձրել է Եվրոպայում ամենատաք չորրորդ հուլիսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։
Ֆենոսկանդիայում օդի ջերմաստիճանը Եվրոպայի միջինից բարձր է եղել, ընդ որում՝ աննոմալ շոգը հատկապես ուժեղ ազդեցություն է ունեցել Շվեդիայի և Ֆինլանդիայի վրա: Հիշեցնենք, որ Ֆենոսկանդիան ֆիզաշխարհագրական երկիր է Հյուսիսային Եվրոպայում, որը ներառում է Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Ռուսաստանի մի մասը՝ Կարելիան, Լենինգրադի և Մուրմանսկի շրջանները: Հարավարևելյան Եվրոպան նույնպես բախվել է աննոմալ շոգի և անտառային հրդեհների հետ, իսկ Թուրքիայում գրանցվել է +50.5° ջերմաստիճանի ազգային ռեկորդ: Կենտրոնական Եվրոպայում, Արևմտյան Ռուսաստանում և Իսպանիայի ներքին շրջաններում ջերմաստիճանը միջինից ցածր է եղել:
Եվրոպայից դուրս ջերմաստիճանը միջինից բարձր է եղել Հիմալայներում, Չինաստանում և Ճապոնիայում: Միջինից ցածր ջերմաստիճաններ դիտվել են Անտարկտիդայի որոշ հատվածներում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում, Ավստրալիայի մեծ մասում և Աֆրիկայի որոշ հատվածներում:
Կլիմայի փոփոխության եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը 60° հարավային լայնությունից բարձր և 60° հյուսիսային լայնությունից ցածր կազմել է 20.77°, որը երրորդ ամենաբարձր ցուցանիշն է և 0.12°-ով ցածր ռեկորդային՝ 2023 թվականի հուլիսի արժեքից։ Ջերմաստիճանը մնացել է անսովոր տաք շատ օվկիանոսային ավազաններում և ծովերում։