ՀՀ կառավարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ.
«Կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր: Օպցիոն պայմանագրով Կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավորություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը Կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110 000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում): Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության»։