Հասարակություն

«ՈՒԱԶ» ավտոմեքենաներով մտել էին Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հայտնում են․

«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության բաժին և խոստավանել կատարած խախտումը։

Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ»: