Հասարակություն

Երիտասարդության միջազգային օրվա առիթով ՀՀ-ում կանցկացվեն մշակութային միջոցառումներ

Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։

Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։

Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն սպորտային-ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական տաղավարային ցուցադրություններ, բացօթյա վիկտորինա, քվեսթ խաղեր, նկարչական մրցույթ, նորարարական գաղափարների մրցանակների հանձնում և այլն։ Օրը կամփոփվի Ապարանի քաղաքային հրապարակում՝ հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։

ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ևս նախատեսված են մարզամշակութային բազմապիսի միջոցառումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ: Միջոցառումներ են կազմակերպվելու նաև պետական մի շարք կառույցների նախաձեռնությամբ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր, որն այս տարի անցկացվում է «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար» խորագրի ներքո։

Ավելին՝ https://escs.am/am/news/30658