Հասարակություն

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։

Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ինչպես նաև նպաստել է ազգային օրենսդրության և կառավարման համակարգերի կատարելագործմանը։

Կողմերը անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, գույքագրված խնդիրների լուծման ուղիներին, ինչպես նաև Կլիմայի մասին օրենքի մշակման գործընթացին։ Առանձին քննարկվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը և դրա շարունակականության ապահովման հնարավոր ուղիները։

Նախարարը գործընկերներին ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքները։ Քննարկվել է ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությունը՝ ներառյալ տեխնիկական խորհրդատվության տրամադրում, ֆինանսավորման աղբյուրների որոնում և փորձագիտական ներուժի ներգրավում։

Վերջում ընդգծվել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԶԾ-ն շարունակելու են համագործակցությունը նույն եռանդով՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային բնապահպանական համագործակցության հարթակներում։