Հասարակություն

Սևանա լճում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 խեցգետնորսիչ և 33 ձկնորսական ցանց

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում։

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից իրականացվող «Վաղ գործողությունների աջակցություն՝ «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» համատեքստում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է դասընթաց-աշխատաժողով։
Լայն քննարկման են արժանացել միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին համապատասխանությունը կենսաբազմազանության պահպանման համատեքստում, պահպանության եղանակներն ու մեթոդները, մասնակիցներն իրազեկվել են գենետիկական ռեսուրսների, միջազգային տեղեկատվական համակարգերի, տվյալների միջազգային բազաների վերաբերյալ:

Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex-ում

Ամենամյա մոնիթորինգի շրջանակներում «Հանքավանի ջրաբանական» և «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրերում գիտության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ֆլորայի ուսումնասիություն:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց-ում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ նախաձեռնությամբ և CNF-ի ֆինանսավորմամբ՝ «Արահետներ փոփոխությունների համար» ՀԿ-ն իրականացրել է ջրվեժներ տանող ուղղություններով արահետների բարելավման աշխատանքներ, մասնավորապես՝ բարեկարգվել են երթուղիների դժվարանցանելի հատվածները՝ հեշտացնելով անցումները, տեղադրվել են ուղղորդող, տեղեկատվական և նախազգուշացնող ցուցանակներ։
Իրականացված աշխատանքների նպատակն է խթանել էկոտուրիզմը, բարձրացնել այցելուների իրազեկվածությունը բնության պահպանության վերաբերյալ և ապահովել քայլարշավային երթուղիներով հիշարժան այցելություններ, որոնք նվազագույն ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում

«Կաթնասունաբանների հայկական ասոցացիա» Հկ-ի գիտնականների խումբը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում են կրծողների մշտադիտարկման աշխատանքներ:

«Արևիք» ազգային պարկի տարածքում, ՊՈԱԿ-ի մասնագետի հետ համատեղ, «Բրդլինքս Հայաստան» ՀԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են սողունների մոնիթորինգ:
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

Հերթական էկոկրթական հանդիպումն է իրականացվել «Վերադարձ դեպի Բնություն»ճամբարում։