Հասարակություն

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ զոհերն ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են

Օգոստոսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում, ռուսական համարանիշներով Tank մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 1-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, մահացածներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են։ Մահացածներից մեկը 64-ամյա կին է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մյուսը 64-ամյա վարորդն է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ արգելափակված վիճակում, իսկ վիրավորը 84-ամյա կին է, ով տեղափոխվել է հիվանդանոց։