Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։
Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի ձևավորմանը։
Սեմինարներին մասնակցում էր 45 երեխա՝ այդ թվում նաև տարբեր շարժողական կամ առողջական առանձնահատկություններ ունեցող, ովքեր ակտիվորեն մասնակցել են քննարկումներին, հարցեր ուղղել փրկարարներին և ստացել սպառիչ պատասխաններ՝ ինչպես գործել վտանգի դեպքում:
Երեխաների հետաքրքրվածությունը զարգացնելու և պահելու նպատակով մասնագիտացված փրկարարների վերահսկողությամբ և օգնությամբ կազմակերպվել է նաև գետանցման վարժանք։
Վարժանքն անցկացվել է անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ մասնակիցների մեջ կային երեխաներ, ովքեր ունեն ֆիզիկական դժվարություններ։
Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են երեխաների՝ անկախ իրենց կարողություններից, ինքնավստահության, փոխօգնության հմտությունների և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության մեջ հավասար հնարավորությունների ապահովմանը։