Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ:
Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Այցի արդյունքները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, դրանց կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում: