Հասարակություն

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»:

«Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք`
կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը,
կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի:
Կրծքով կերակրումը նաև օգտակար է կանանց առողջության համար`
նվազում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի,
սակավարյունության,
հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:

Շատ մայրեր անհանգստանում են, որ կեսարյան հատումից հետո կաթ չեն ունենա կամ կրծքով չեն կարողանա կերակրել, բայց այդպես չէ: Թեև հետվիրահատական շրջանը կարող է ավելի երկար տևել, սակայն այն կրծքով կերակրելու համար խոչընդոտ չէ:

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ. ձևավորում է սեր և ջերմություն մոր և մանկան միջև, մայրը հոգեպես առավել բավարարված է, երեխան ավելի քիչ է լաց լինում և իրեն ավելի պաշտպանված զգում»: