Հասարակություն

Սևանա լճում հայտնաբերվել է տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կան տվյալներ, որ հնարավոր է հայտնաբերված մարմնի մի մասը պատկանում է 2022 թվականին նշված հատվածում կորած տղամարդուն։ Այդ ժամանակ այդ վայրում ջրահեղձ էին եղել 2 քաղաքացի․ մեկին հայտնաբերել էին, մյուսին որոնում էին։ Արդյոք այս հայտնաբերվածը կապ ունի 2022թ․ դեպքի հետ՝ նույնպես պարզվում է։

2022 թվականին 17 օր Սևանա լճում որպես անհայտ կորած որոնվողը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Ավետիք Սևոյանն էր։ Շարունակվում էին մյուս անհետ կորածի՝ Վարդենիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։