Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի վերաբերյալ:
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: