Հասարակություն

Ոչ միայն որակի խնդիր կա, այլև՝ կառավարման որակի. Բաբկեն Պիպոյան

«Մի կողմից ասում է, որ ունենք որակի խնդիր, մյուս կողմից՝ որակյալ ապրանք, բայց ունենք սերտիֆիկացման խնդիր։ Մենք բոլոր ուղղություններում էլ ունենք խնդիր։ Երբ սկսեն գործից հասկացողները գործ անել, նման հարցեր չեն առաջանա։ Ոչ միայն որակի խնդիր կա, այլև՝ կառավարման որակի»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, որ որակյալ արտադրանք կա, բայց որակը սերտիֆիկացնելու մշակույթ չկա։ Պիպոյանը հավելեց՝ գործ պետք է անել։

Ըստ Բ. Պիպոյանի՝ դա խնդիր է, որը վաղուց պետք է կարգավորված լիներ, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. «Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ամեն արտահանվող ապրանք պետք է համապատասխանի միասնական չափորոշիչների, անցնի սերտիֆիկացում կամ հայտարարագրում՝ կախված, թե ինչ ընթացակարգ է այդ ապրանքի համար սահմանված»,-ասաց նա և ընդգծեց՝ շատ բարդ է մեկնաբանել մի բան, որի մասին չի խոսվում։

Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանի շուկայում միաժամանակ առկա է թե՛ բարձրորակ, և թե՛ ցածրորակ ապրանք. «Միանշանակ գնահատական տալ չի կարելի, որովհետև կա և՛ շատ լավ որակի արտադրանք, և՛ վատ որակի, ընդ որում, բոլոր ուղղություններում։ Կա հայկական լավ կոնյակ և Հայաստանում շշալցվող զիբիլ, որի անունը դրված է հայկական կոնյակ։ Բոլորս դրա մասին գիտենք»։ 

Նա ընդգծեց՝ երբ այդ ամենի մասին մենք ենք խոսում, նորմալ է, իսկ երբ դրսի որևէ ընկերություն է ասում՝ ձեր երկրից զիբիլ է գալիս, ասում ենք՝ քաղաքական է։

Լիլիթ Աբրահամյան