Հասարակություն

«Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում». Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ քաղաքագետ, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի «Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում» գրքի շնորհանդեսը։

Գրքում ընդգրկված են հեղինակի 1998-2025 թթ․ հրապարակած հոդվածներն ու հարցազրույցները։

Միջոցառմանը նախորդած ճեպազրույցում Արման Գրիգորյանը նշեց, որ գրքի հիմնական տրամաբանությունը արմատական ազգայնականության քննադատությունն ու տրաֆարետային ազգայնականության մերժումն է։ Նրա խոսքով՝ այս երևույթները շարունակում են գերիշխել հայաստանյան քաղաքական դաշտում, ինչը մերժելի է։ «Ընդունելի և անհրաժեշտ է քաղաքականությանը մոտենալ ռացիոնալիզմի և իրատեսության հարթակից», – ընդգծեց նա։

Արդեն իր ելույթում Գրիգորյանը հավելեց․ «Սույն ժողովածուն մի համեստ փորձ է ցույց տալու, որ քաղաքական և մտավորական մոդելները սահմանափակված չեն այս երկատման կապանքներով և իրականում դրանցից որևէ մեկը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում։ Այս ժողովածուի նպատակներից մեկն է, թեկուզ փոքր պատուհան բացել դեպի Արևմուտքի քաղաքագիտական և մտավորական բանավեճերի աշխարհը, որի մասին Հայաստանում հատկապես շատ են խոսում այն մարդիկ, ովքեր բացարձակ պատկերացում չունեն այդ աշխարհի մասին։ Ժողովածուի նպատակը նաև ցույց տալն է, որ քաղաքագիտական տեսություններն ու մոդելները նորաձևության քմահաճույքների տրամաբանությամբ չեն աշխատում, և որ մատերիալիզմի, պոզիտիվիզմի, ռացիոնալիզմի և ռեալիզմի դրույթների վրա հիմնված տեսությունները չեն կորցրել իրենց ուժը՝ չնայած Հայաստանում մոլեռանդորեն հակառակը ապացուցելու ջանքերին, ինչով զբաղված են թե՛ ավանդական ազգային գաղափարախոսները, թե՛ նորահայտ «ազատական» կոմպրադորները»։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Բագրատ Ասատրյանը կարևորեց Արման Գրիգորյանի ասելիքը՝ ընդգծելով, որ գրքում գիտական մակարդակով և խորությամբ վերլուծվում են առկա խնդիրները, ինչպես նաև նախանշվում են դրանց հնարավոր լուծումների ուղիները։

Արձակագիր Սևակ Արամազդը գիրքը բնութագրեց որպես «գիտական և ակադեմիական խորություն, բանավիճային կիրք և մտքի անխարդախ, անկաշառ սրություն ունեցող գործ», հավելելով, որ այն «ավելի մեծ արժեք ունի, քան պարզապես գիտելիքը կամ հեղինակի անհատական կենսափորձը»։

Արման Գալոյան