Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրվող բյուրեղավանցի տղամարդու վերաբերյալ գործը հասել է դատարան։
Վարդան Ղարսոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ս.թ. հուլիսի 15-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Կոտայքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել, մասնավորապես, իր կողմից վարվող «Օպել» մակնիշի 37 MS 804 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից է կապել թափառական շանը և քարշ տալով տարել կենդանուն՝ այդ կերպ թափառական շան նկատմամբ այլ դաժան վերաբերմունք կիրառել և պատճառել վնասվածքներ, որոնք դրսևորվել են շան չորս թաթերի քերծվածքների և վերքերի ձևով. տեղեկանում ենք Datalex համակարգից։
Այս գործով դատավորն է Գագիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում արագորեն տարածվեց համապատասխան տեսանյութը։ Ավելի ուշ շունը տեղափոխվել էր անասնաբուժական կլինիկա ու ստացել բուժօգնություն։
Տեսանյութի տարածումից հետո 62-ամյա տղամարդը բերման էր ենթարկվել, ավելի ուշ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։