Հասարակություն

«Ադիսից Բելեմ, Դոհայից՝ Երևան ու Նյու Յորք»․ Պապոյանը հանդես է եկել ելույթով

Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։

Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

«Համատեղ ճանապարհի ձևավորում դեպի 2030՝ Ադիսից Բելեմ, Դոհայից՝ Երևան ու Նյու Յորք» խորագրով քննարկման ժամանակ նախարար Պապոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Նախարարը շեշտել է կենսաբազմազանության առանցքային դերը գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը պետք է էլ ավելի խորանա՝ ի նպաստ տարածաշրջանային և գլոբալ կայունության։

Գևորգ Պապոյանը հրավիրել է գագաթնաժողովի մասնակիցներին այցելել Հայաստան՝ մասնակցելու ոչ միայն COP17 համաժողովին, այլև անձամբ ծանոթանալու մեր երկրի հազարամյա մշակույթին և բազմակողմ զարգացման ներուժին։