Հասարակություն

Պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված հուշագիր է ստորագրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Բորիս Գասպարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ համատեղ գործադրած ջանքերի արդյունքում տարիների դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցվել են նոր հուշարձաններ, և այս գործընթացը պետք է լինի շարունակական: