Հասարակություն

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող ընկերության տնօրեն Հ.Ա.-ն Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող հատվածում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներ ձեռքբերող ընկերության տնօրեն Ա.Կ.-ին է տրամադրել գնահատման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ իրական շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր կեղծ գնահատման հաշվետվություն։ 

Արդյունքում, հաշվետվության հիման վրա Ա.Կ.-ն խարդախությամբ հափշտակել է Վ.Գ.-ին և Ս.Յ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 370 մլն 700 հզր ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը՝ դրա դիմաց վճարելով ընդամենը գնահատման հաշվետվությամբ սահմանված 74 մլն 906 հզր ՀՀ դրամ։  

Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Ա.Կ.-ին պատկանող անշարժ գույքի վրա 295 մլն 902 հզր ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:   

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: