Ամբողջ երկրի ընդերքը պետք է դառնա պետական սեփականություն. եթե նման մոտեցմամբ ուժ լինի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կսատարի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Եթե նմանատիպ մարդ լինի, անպայման ես իրեն կպաշտպանեմ։ Չտա Աստված, որ չլինի նմանատիպ մարդ, որովհետև ես չեմ ուզում հանկարծ գնալ և նմանատիպ հարցերի մեջ մխրճվել, որովհետև դա նահատակության տեղն է, դա մահանալու տեղ է, դա եզան լուծն է։ Էսպես կյանք ապրած մարդը, էսքան տարիք ունեցող մարդը, որ գա, ուզենա գնա վարչապետ դառնա, առնվազն ծիծաղի առարկա է»,- ասել է Ղուկասյանը։
Նա նշել է, որ թեև չի ուզել վարչապետ դառնալ, բայց ժողովրդի ցանկության դեպքում պատրաստ է. «Կյանքում չեմ ուզել, երբեք, բայց եթե տեսնեմ, որ չկա էդպիսի մարդ, իսկ ժողովուրդը վստահի ու ինձնից պահանջի, ասի՝ հայի տղա ես, հենց լավ տղա ես, արի ստանձնի, պետք է կյանքդ դիր, ես էդ ժամանակ նոր պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու և ամեն ինչ անելու, իսկ եթե չանեմ իմ ասածները, երկու ձեռքս կտրեք։ Եթե արագ կարգով երկիրը ոտքի չկանգնացնեմ, ուրեմն ես իմ հորս տղեն չեմ»,- ասել է նա։