Հասարակություն

Վիճաբանություն Աբովյանում․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է

Երեկ՝ հուլիսի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ Կոտայքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչներ՝ 16-ամյա Մհեր Մ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, և 19-ամյա Պողոս Պ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները հերթապահ օպերատիվ տեղեկությամբ պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Հայփոստի» վարչական շենքի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել։ Հիվանդանոց տեղափոխված Պողոս Պ․-ն և Մհեր Մ․-ն, նրանց ընկերը՝ Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն, իսկ մյուս կողմից Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի բնակիչներ 25-ամյա Գոռ Բ․-ն և 20-ամյա Գարիկ Բ․-ն։

Վիճաբանության ժամանակ Գարիկ Բ․-ն իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Պողոս Պ․-ին և Մհեր Մ․-ին։Քրեական ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալ Գարիկ Բ․-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ և Գարիկ Բ․-երը հարազատ եղբայրներ են։