Հասարակություն

Գալստանյանը «բա՜րձր ծիծաղելով» է արձագանքել խմբային հայցի մեր նախաձեռնությանը․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալ պարոն Գալստանյանը ՔԿ կենտրոնից «բա՜րձր ծիծաղելով» արձագանքել է ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտությունների համար խմբային հայցի մեր նախաձեռնությանը: Նախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ-որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր ծիծաղել է...

Իմ մասին քամահրական և չակերտաշատ հատվածը մեծահոգաբար բաց կթողնեմ, երևի գրել է հետո է մեջբերել Սիրաքի Իմաստության 5։16-18 հատվածը՝ «ծիծաղելու» արանքում չնկատելով, որ չի հետևում իր իսկ մեջբերումներին։

Իսկ ինչ վերաբերում է 2012թ. գրված թեզին, սիրով կարդացի: Չեք պատկերացնի, առաջադրված մոտեցումների մեծ մասի և քննադատության հետ լրիվ համաձայն եմ. այ, որ նախկին իշխանություններն այն ժամանակ ականջալուր լինեին պարոն Գալստանյանի թեզերին և ջանքեր կիրառեին իրակացնելու անհրաժեշտ բարեփոխումները, որ արվում են և արձագանքեին համակարգային խնդիրներին, գուցե ժողովրդի ցասումն էլ այդքան մեծ չլիներ 2018թ., բայց որքանով գիտեմ, ակտիվ կապի մեջ են, ուշ չի, իրենց էլ կարելի ուղարկել, թող հետհայացք գցեն...

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել «կենսաբժշկաբարոյագիտական» գիտություններով և ոչ թե ահաբեկչական և մարդկանց «գյուլլելու» անփառունակ ցնորքներով տարվեիք: Այս թեմային այլևս միայն դատական գործի շրջանակներում կանդրադառնամ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: