«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այսօր այցելել են Հյուսիս-հարավի Տրանշ-2 և շինարարների ու տեխհսկողություն իրականացնող խմբերի հետ հետևել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ Տրանշ-2-ը, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին ճանապարհը, կառուցվում է երկու առանձին հատվածով՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ հատված և 34կմ ճանապարհահատված։ Ագարակի հնավայրը շրջանցող 8 կմ տեղամասում շինաշխատանքներն ավարտական փուլում են։
Տեխհսկողությունն իրականացնող մասնագետները նշել են, որ այս պահին կատարվում է ճանապարհի կահավորում, դեռևս չեն ավարտվել գծանշումները, աշխատանքներ են տարվում կողային առուների հետ կապված՝ դրանք բերելով նախագծային տեսքի։ Արգելափակոցներն ու ճանապարհային նշանները հիմնականում տեղադրված են։
34 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Այստեղ կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ, աշխատանքներ են տարվում դաշտամիջյան ճանապարհների վրա և այլն։