Հասարակություն

Դասվարները նախարարին իրենց մտահոգություններն են ներկայացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը:

Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը:

«Կամավոր ատեստավորումը չի կարող մի առարկայի պարագայում ավելի բարդ լինել, իսկ մի ուրիշի դեպքում՝ պարզ, հատկապես որ գործընթացը նաև խրախուսման որոշակի համակարգ է ենթադրում: Արձանագրված անհարթությունները տարեցտարի փորձել ենք կարգավորել, և այդ մոտեցումը շարունակական է՝ հաշվի առնելով արդարության սկզբունքի պահպանումը և առարկաների բովանդակային յուրահատկությունները։ Տարրական դասարաններում դասավանդումը, իհարկե, ունի իր առանձնահատկությունները․ առնվազն մեթոդական առումով աշխատանքը զգալի բարդ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ նախորդ տարիների վերլուծությունը փաստել է, որ համաչափության խնդիր կա։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները և ուսուցիչների հետ քննարկումները:

Դասվարների խոսքով՝ մասնագիտական համայնքը կամավոր ատեստավորման գործընթացը ողջունելի է համարում, սակայն ունի որոշ դիտարկումներ։ Մասնավորապես՝ մտահոգություն է առաջացրել մեթոդիկային վերաբերող հարցերի գերակշռությունը։ Ուսուցիչներն ընդգծել են, որ տարիների ընթացքում ձևավորել են իրենց մեթոդական մոտեցումները՝ չշեղվելով դասական մեթոդիկայից, և այժմ ստիպված են վերանայել դրանք՝ ատեստավորմանը մասնակցելու համար։

Հանդիպման ավարտին դասվարները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկման և իրենց դիտարկումներն արտահայտելու հնարավորության համար։ Նախարարը կարևորել է ուսուցիչների միասնականությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր բարելավել գործընթացը՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։