Հասարակություն

Անցած տարիների համեմատ հեղուկ գազի գինն անոմալ է. տնտեսագետ

Հայաստանում հեղուկ գազի գինն անոմալ է՝ ավելի բարձր է, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում, Radar Armenia-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Մեկ գիշերվա ընթացքում հեղուկ գազի գինը բարձրացել է 20 դրամով. եթե երեկ 1 լիտրը վաճառվում էր 180 դրամով, ապա այսօր այն դարձել է 200 դրամ։ Իսկ այս ամսվա սկզբի համեմատ հեղուկ գազի գինը գրեթե կրկնապատկվել է. հուլիսի սկզբին այն վաճառվում էր միջինը 110-120 դրամով։

«Հեղուկ գազը ՌԴ-ից ներմուծում ենք ֆուրերով, բեռնատարներով, և սեզոնային գինը տատանվում է՝ կախված ճանապարհի վիճակից։ Սեզոնային է, գարնան վերջում է ամենաէժանը լինում, որից հետո սկսում է թանկանալ։ Այս պահին, համեմատած անցած տարիների, գինն անոմալ է, ավելի բարձր է։ Դա հիմնականում պայմանավորված է Լարսի սահմանին մեծ քանակությամբ հերթերով և սահմանափակումներով»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ արդեն իսկ ձեռք բերած ու պահուստավորված հեղուկ գազը սահմանին հերթերի արդյունքում ավելի թանկ է վաճառվում, քան գնվել է, Թավադյանը պատասխանեց.

«Տնտեսվարողը ոչ թե հաշվում է նախկինում ձեռքբերման արժեքը, այլ այն գինը, որով նույն ծավալը կարող է ձեռք բերել այս պահին։ Ենթադրենք՝ հիմա վաճառվող գազը ձեռք է բերվել 2 ամիս առաջ 150 դրամով, տնտեսվարողը այն չի վաճառի նույն գնով, այս պահին այնպիսի գին պետք է դնի, որ այդ գնով կարողանա նույն քանակությամբ հեղուկ գազ ձեռք բերել ու բերել Հայաստան»,- ասել է Թավադյանը։

Նրա խոսքով՝ չարաշահման ռիսկերն առկա են, և դրանով պետք է զբաղվի ՄՊՀ-ն։

«Կարող է ներքին համաձայնություն լինել կամ այլ բաներ, բայց ընդհանուր առմամբ ՄՊՀ-ն, որքան ուսումնասիրել է, հիմնականում այն եզրակացությանն է եկել, որ չարաշահումներ չկան»,- ընդգծեց նա։

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ գնի նվազում կլինի ձմռանից հետո. «Հեղուկ գազի գինը հիմնականում աճի միտում ունի ամառվա սկզբից մինչև դեկտեմբեր, դեկտեմբերից մինչև գարնան վերջ կտրուկ անկում է ապրում։ Ընդհանուր առմամբ, կարելի է ենթադրել, որ եթե սահմանը բացվի, նույն գինը կշարունակի մնալ մինչև տարվա վերջ, որից հետո՝ ձմռանից հետո, կսկսի կամաց-կամաց ընկնել»,- ասել է նա։

Անժելա Պողոսյան